ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

«Մարտի 1-ը պատահական բան չէր. դա նախազգուշացում էր, պայթյունի նախանշան»

«Մարտի 1-ը պատահական բան չէր. դա նախազգուշացում էր, պայթյունի նախանշան»
24.04.2009 | 00:00

«ՄԵՆՔ ԱՇԽԱՐՀՈՎ ՄԵԿ ԳՈՌՈՒՄ ԵՆՔ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ, ԲԱՅՑ ՄԵԶ ՉԵՆՔ ՊԱՀՈՒՄ ԱՅԴ ՈՂԲԵՐԳՈՒԹՅԱՆ ԻՍԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋԱՏԻՐՈՋ ՆՄՍՆ»
…և ոչ միայն մշակույթի մասին
ՀՀ վաստակավոր նկարիչ, պրոֆեսոր ՍՏԵՓԱՆ ԱՆԴՐԱՆԻԿՅԱՆԸ շուրջ 40 տարի զբաղվել է կինոնկարչությամբ՝ իր ստեղծագործական տաղանդը ներդնելով հայկական նշանավոր ֆիլմերում՝ «Նռան գույնը», «Տժվժիկ», «Հուսո աստղը», «Մենք ենք, մեր սարերը» և այլն: Վերջին տարիներին նա զբաղվում է գեղանկարչությամբ և փայտանկարչությամբ՝ առավելապես անդրադառնալով տիեզերական թեմաներին: Անշուշտ, նա նաև իր հայրենիքի զավակն է ու փորձում է վերլուծել այսօրյա իրադարձությունների ընթացքը:
«ՍՈՎԵՏԱԿԱՆ ՑԵՆԶՈՒՐԱՆ ԳՈՐԾՈՒՄ ԷՐ ՈՉ ՄԻԱՅՆ «ՆՌԱՆ ԳՈՒՅՆԻ», ԱՅԼԵՎ ԲՈԼՈՐ ՖԻԼՄԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ»
-Պարոն Անդրանիկյան, ինչպե՞ս պատահեց, որ խորհրդային վարչակարգի պայմաններում նկարահանվեց Փարաջանովի «Նռան գույնը», գրաքննիչները շա՞տ են միջամտել ստեղծագործական խմբի աշխատանքներին:
-Ֆիլմը նկարահանվեց Սերգեյ Փարաջանովի ուժեղ կամքի և պահանջկոտության շնորհիվ: Նա այդ ծրագիրը վաղուց էր հղացել: Դեռ Կիևում ունեցած հանդիպումների ժամանակ ասում էր. «Գնացե՛ք, հայտնե՛ք Հայաստանի կառավարությանը, որ հայտնվել է մի շուռ տված հայ, որը ցանկանում է նկարել ազգային կինո՝ «Սայաթ-Նովա» ֆիլմը»: Հետո նա եկավ Հայաստան, հանդիպումներ ունեցավ «Հայֆիլմ» կինոստուդիայի տնօրենի՝ Լաերտ Վաղարշյանի հետ: Վերջինս այնպիսի անձնավորություն էր, որ չէր կարող ընդդիմանալ Փարաջանովին, ում լավ ճանաչում էր ու գնահատում: Մի օր էլ ինձ տեսավ, ողջագուրվեցինք, հարցրեց, թե ինչով եմ զբաղված ու ասաց, որ թողնեմ բոլոր գործերս ու նախապատրաստվեմ իր հետ նոր ֆիլմ նկարելուն: Իսկ ինչ վերաբերում է սովետական ցենզուրային, գրաքննության հետապնդումներին, ապա դրանք գործում էին ոչ միայն «Նռան գույնի», այլև բոլոր ֆիլմերի նկատմամբ: Այդ ցենզուրայից մենք որոշ չափով կարողացանք խուսափել շնորհիվ այն բանի, որ ամբողջ ստեղծագործական խումբը հավաքեցին, ու գնացինք աշխատելու հեռու շրջաններում: Որևէ պաշտոնյայի համար դժվար էր գալ-հասնել մեզ մոտ ու հետևել, թե ինչ ենք անում: Բացի այդ, Փարաջանովը ոչ մեկին թույլ չէր տալիս խառնվել իր գործերին, կտրուկ ընդդիմանում էր նման բաներին: Մարդիկ հասկացան, որ նրա հետ գործ ունենալն անիմաստ է ու մեզ հանգիստ թողեցին: Այդպես նկարեցինք մեկ ու կես տարի: Պատրաստ կտորները բերում էինք, ներկայացնում գեղխորհրդին: Մեծ մասամբ ոչինչ չէին հասկանում: ՈՒղղակի պատրաստ չէին ինչ-որ բան ասելու, որովհետև դա բոլորովին նոր բան էր կինոյում, անծանոթ կինոլեզու էր: Երբ ֆիլմը արդեն պատրաստ էր, առաջին անգամ ցուցադրվեց «Հայֆիլմ» կինոստուդիայում: Ցուցադրությանը ներկա էին ժամանակի անվանի արվեստագետները, մտավորականները, որոնք երկու հակասական կարծիքի հանգեցին ֆիլմը դիտելուց հետո, և ծավալվեց բուռն քննարկում: Մի մասը համարում էր, որ հոյակապ ֆիլմ է, նոր ֆիլմ է, նոր մոտեցում է հայկական կինոյում: Մյուսները պնդում էին, որ ֆիլմն անհասկանալի է, պարզ չէ, թե ինչի մասին է այն: Դրանից հետո ֆիլմը պետք է հանձնվեր Մոսկվայում: Այստեղ մենք իսկապես կանգնեցինք մեծ խոչընդոտների առջև: «Պետկինոյի» խմբագիր Բոգոլյուբովը ֆիլմը դիտելուց հետո զայրացած ասաց, թե այն կարող ենք տանել Վատիկան ու վաճառել Հռոմի պապին, թե այդ ֆիլմի հետ իրենք որևէ առնչություն չունեն ու չեն էլ ուզում ունենալ և թույլ չեն տա, որ այն էկրան բարձրանա: Ֆիլմն ընկալվեց զուտ եկեղեցական բովանդակությամբ, չհասկացվեց նրանում եղած մեր ժողովրդական ծեսերի խորհուրդը, որի վրա էր կառուցված ամբողջ ֆիլմը: Պարտադրեցին մոնտաժային վերափոխումներ անել, այդ գործը հանձնարարվեց Յուտկեևիչ ազգանունով մեկին, ով Փարաջանովի ուսուցիչներից էր: Նա հետուառաջ արեց ֆիլմի հատվածները, ավելացրեց տիտրեր: Ֆիլմը անվանափոխվեց (կարծեմ Հայպետկինոյի նախագահ Գևորգ Հայրյանի առաջարկով)՝ կոչվելով «Նռան գույնը»: Դրանից հետո ֆիլմն ընդունվեց, բայց ոչ թե բարձրացավ համամիութենական էկրան, այլ երրորդ կարգի՝ փոքր էկրան: Երբ 1969-ին ֆիլմը ցուցադրվեց «Մոսկվա» կինոթատրոնում, դահլիճը սկզբում լիքն էր, բայց ընթացքում շատերը դուրս եկան, վերջում մնացել էին կեսը: Մարդիկ չէին հասկանում ֆիլմը: Իսկ Հաղպատում, որտեղ նկարել էինք ֆիլմի մեծ մասը, և տեղացիներից շատերը նկարահանվել էին մասսայական տեսարաններում, մարդիկ ֆիլմի ցուցադրության ընթացքում աղոթում էին: Երբ ցուցադրությունն ավարտվեց, նրանք ոգևորված մոտեցան Փարաջանովին, սկսեցին ձեռքը համբուրել: Փաստորեն, ֆիլմն ընդունվեց հասարակության երկու շերտերի կողմից՝ հասարակ ժողովրդի, որ մշակութային դաստիարակության առումով գտնվում էր ցածր մակարդակում, և ամենաինտելեկտուալ, էլիտար շերտի: Միջին խավը չհասկացավ «Նռան գույնը»: Արտասահմանում, իհարկե, ավելի ճիշտ հասկացան այն:
-Այս տարի նշվում է Փարաջանովի 85-ամյակը: Ձեզ առհասարակ գոհացնո՞ւմ է մեր հանրապետությունում հոբելյաններ նշելու կարգը:
-Բոլորովին չի գոհացնում: Մեզ մոտ հոբելյանները դարձել են մի ստանդարտ, կաղապարի մեջ տեղավորված հասկացություն: Հոբելյանը նշվում է ընդամենը այս կամ տարեթիվը հիշելու համար: Մեր մշակույթի նախարարությունը դա անում է իբրև հերթական միջոցառում՝ պարզապես համապատասխան սյունակում նշում ունենալու համար: Բառիս բուն իմաստով հոբելյան նշելն այդպես չի լինում: Դրա մեջ շատ կարևոր հանգամանքներ են ներառվում: Պետք է խոսվի հոբելյարի կենսագրության, ստեղծագործական անցած ճանապարհի, նվաճումների մասին, վերլուծվի, արժևորվի նրա վաստակը: Մեզ մոտ նման բան չկա: Ձևական բնույթի են բոլոր հոբելյանների տոնակատարությունները: Մեծ-մեծ նկարները կախում են հրապարակում, փողոցներում, բայց թե դրանց տակ ինչ բովանդակություն կա, չի պարզաբանվում: Կարելի է առանց ամպագոռգոռ դրսևորումների, համեստ ու զուսպ կերպով հասնել ավելի բովանդակալից արդյունքի, անել այնպես, որ ժողովրդի հիշողության մեջ տպավորվի այդ մարդը:
«ՇԱՏԵՐՆ ԱՊՐԻԼԻ 24-Ը ՀԱՄԱՐՈՒՄ ԵՆ ԸՆԴԱՄԵՆԸ ԾԱՂԻԿ ԴՆԵԼՈՒ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ»
-Մեր հարցազրույցը լույս է տեսնելու Ապրիլի 24-ին: Չե՞ք կարծում, որ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը ևս անցնում է այդ ձևական-միջոցառումային մթնոլորտում:
-Այո՛, ճիշտ այնպես, ինչպես հոբելյանների դեպքում է: Ամեն տարի ժողովուրդը հավաքվում-գնում է Ծիծեռնակաբերդ (լավ է, որ ինքնակամ են գնում, ոչ ոք դա չի պարտադրում), ծաղիկները դնում են հուշարձանին ու վերադառնում: Բայց շատերը, մանավանդ երիտասարդները, գնում են ժպիտը դեմքներին, ծիծաղելով: Նրանց հոգեվիճակը ոչ մի կապ չունի մեր եղեռնի զոհերի ճակատագրի հետ: Գոնե այդ օրը մարդիկ պիտի զսպված լինեն: Բայց շատերն Ապրիլի 24-ը համարում են ընդամենը ծաղիկ դնելու արարողություն, որի մեջ այնքան լրջություն չկա, որքան պիտի լիներ: Մենք աշխարհով մեկ գոռում ենք ցեղասպանության մասին, բայց մեզ չենք պահում այդ ողբերգության իսկական պահանջատիրոջ նման:
-Չեմ կարող չհարցնել՝ այդ օրը Բարաք Օբաման կարտասանի՞ «ցեղասպանություն» բառը:
-Դա շատ մշուշապատ հարց է: Օբաման ցեղասպանության ընդունումը կապում է Թուրքիայի պահվածքի հետ: Ցեղասպանության ճանաչումը սպառնալիք է Օբամայի ձեռքին՝ ուղղված Թուրքիայի դեմ: Դրանով ուզում է ստիպել, որ Թուրքիան բացի Հայաստանի հետ սահմանը: Իսկ ես չեմ կարծում, որ հայերի համար ձեռնտու է Թուրքիայի հետ սահմանի բացումը: Եվ ոչ միայն ես, այլև շատ խելացի մարդիկ են այդ կերպ մտածում:
-Ո՞րն է նման մտածելակերպի հիմնավորումը:
-Հայաստանի շուկան կողողվի թուրքական ապրանքներով: Դա կխփի հայկական արտադրության ապրանքներին: Մեր արտադրանքը կարժեզրկվի, կառաջանա անհավասար մրցակցություն: Չնայած Թուրքիայի արտադրած ապրանքներն էլ մի բան չեն, եվրոպական մակարդակի չեն, բայց մեր տեղական ապրանքներին հարվածելու իմաստով վտանգավոր են: Բացի այդ, եթե բացվեն սահմանները, թուրքերն ազատ ելումուտ կունենան Հայաստան, կգան ու կմնան Հայաստանում: ՈՒղղակի կլցվեն մեր երկիր, տներ ու տարածքներ կգնեն, ինչպես արդեն եղել է պարսիկների դեպքում: Հայերն էլ անընդհատ հեռանում են Հայաստանից: Վաղը, մյուս օրը մարդահամար կանեն Հայաստանում ու կտեսնեն, որ թուրքերն ու պարսիկներն ավելի շատ են Հայաստանում, քան հայերը: Եվ ի՞նչ, Հայաստանը մեխանիկորեն զրկվում է պետականությունից: Սա շատ վտանգավոր է: Չի կարելի թույլ տալ նման բան:
«ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆՈՒՄՆ ԱՎԵԼԻ ՇԱՏ ՊԵՏՔ Է ՎԵՐԵՎՆԵՐԻՆ»
-Ֆրանսիայի նման ծանրակշիռ երկիրը պաշտոնապես ընդունեց Հայոց ցեղասպանությունը, բայց դրանից հետո մեր ժողովրդի կյանքում շոշափելի տեղաշարժեր չգրանցվեցին: Ի՞նչ պիտի տա պաշտոնական Վաշինգտոնի ճանաչումը հայերիս:
-Չեմ կարծում, որ մեծ բան կտա: Այդ բոլորը քաղաքական խաղեր են, որոնք ժողովրդի վրա ուղղակիորեն չեն ազդում: Ժողովուրդն ապրում է իր կյանքով: Շատ դեպքերում էլ չի ուզում այս երկրում ապրել, որովհետև այստեղ ապրելը ահավոր դժվար է. աշխատանք չկա, կենսապայմաններ չկան: Մարդիկ թողնում-գնում են: Այնպես որ, ցեղասպանության ընդունումն ավելի շատ պետք է վերևներին՝ պետությանը, իշխանությանը, արտաքին գործոց նախարարությանը: Իսկ ամենակարևորն այն է, որ Թուրքիան ընդունի ցեղասպանությունը: Թուրքիայի ընդունելու դեպքում մեր պահանջներն ավելի կխստանան: Առաջ կքաշվեն տարածքների վերադարձի, նյութական ու բարոյական վնասների փոխհատուցման հարցերը: Այս բաները գիտակցում են թուրքերը, հետևաբար մինչև վերջ էլ կդիմադրեն ու չեն ցանկանա ընդունել ցեղասպանությունը:
-Պիտի նկատենք, որ Թուրքիան ոչ միայն մտադիր չէ ընդունել 1915-ին կատարվածի մեղավորությունը, այլև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում շեշտադրում է հայերի կողմից Ադրբեջանի «օկուպացված» տարածքներն ազատագրելու նախապայմանը:
-Մենք դա չենք կարող թույլ տալ, մանավանդ երբ մերոնք պատրաստ են թուրքերի հետ հարաբերությունները կառուցել առանց նախապայմանների:
«ՄԱՐԴԻԿ ԻՐԵՆՑ ՄԱՍՆԱՎՈՐ ՇԱՀԸ ԳԵՐԱԴԱՍՈՒՄ ԵՆ ԺՈՂՈՎՐԴԻ ՇԱՀԻՑ»
-Սոցիալական պայմանների վատթարացումը (էլեկտրաէներգիայի, ջրի, գազի թանկացում, տրանսպորտի հնարավոր թանկացում) ի՞նչ ընտրության առջև է կանգնեցնելու մեր ժողովրդին, մասնավորապես՝ մտավորականությանը:
-Դա շատ ծանր հարց է: Ամբողջ մեղքը բարդում են համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի վրա: Բայց ես դրա հետ համաձայն չեմ: Մարդիկ իրենց մասնավոր շահը գերադասում են ժողովրդի շահից: Ապրիլի մեկից ամեն բան թանկացել է: Ի՞նչ լավ բան կարելի է սպասել այս վիճակում: Կարծում եմ, որ սկսվելու է արտագաղթի նոր ալիք՝ ամենավատ հետևանքներով: Մենք արդեն այն սահմանագծին ենք հասել, որ այլևս իրավունք չունենք լքելու Հայաստանը: Ինչպե՞ս կարելի է: Բայց և այնպես գնում են: Ի՞նչ է լինելու սրա վերջը, չգիտեմ:
-Բայց հիմա դրսում էլ վիճակը լավ չէ: Ի վերջո, համաշխարհային ճգնաժամ է, ի՞նչ պիտի անեն Հայաստանից գնացած հայերը ճգնաժամային մեկ այլ երկրում:
-Իհարկե, այդ դժվարությունն էլ կա: Գիտեմ, որ գնացածներից ոմանք արդեն վերադարձել ու վերադառնում են: Բայց որ վերադառնում են, ի՞նչ պիտի անեն Հայաստանում: Ո՛չ աշխատանք կա, ո՛չ անհրաժեշտ պայմաններ կան: Հայտնի չէ, թե այդ մարդիկ ինչով պիտի զբաղվեն, ինչպես պիտի ապրեն:
«ՀԻՄԱՐՈՒԹՅՈՒՆ Է ՄԱՐԴԿԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՎՐԱ ԲՌՆԱՆԱԼԸ»
-Վերջին օրերին Հյուսիսային պողոտայում զբոսնողների նկատմամբ ոստիկանությունը իրականացնում է քաղաքական հետապնդումներ, խախտվում է մարդու ազատ տեղաշարժվելու իրավունքը: Ի՞նչ եք կարծում՝ այդ զբոսանքները և զբոսնողները լուրջ վտա՞նգ են ներկայացնում մեր պետականության, մեր իշխանությունների համար:
-Ես կարծում եմ, որ մեծ հիմարություն է մարդկանց իրավունքներին բռնանալը: Եթե դու քեզ համարում ես անկախ պետություն, մարդու իրավունքները հարգող ազատ պետություն, ինչպե՞ս ես զբոսանքի դուրս եկած մարդուն ձերբակալում ու տանում ոստիկանական բաժանմունք: Դա օրենքի կոպիտ խախտում է: Այս պատճառով էլ պետությունը, ի վերջո, դեմ է դուրս գալիս հասարակությանը, ժողովրդին: Ժողովուրդն էլ ընդդիմանում է պետությանը: Եվ այս հակամարտությունն անընդհատ գոյություն ունի ու աստիճանաբար ավելի է սրվում: Եթե սրա դեմ միջոցներ չձեռնարկվեն, կարող է մեծ պայթյուն լինել: Ժողովուրդն ինչքա՞ն կարող է համբերել: Մարտի 1-ը պատահական բան չէր. դա նախազգուշացում էր, պայթյունի նախանշան: Վաղը, մյուս օրը կարող է մարտի 1-ից ավելի ուժեղ բան տեղի ունենալ: Դրա համար պետությունը պիտի շատ զգույշ լինի այդ հարցերում: Չի կարելի ամեն պատրվակով մարդկանց վերցնել-տանել բաժանմունք, հարցաքննել, փակի տակ պահել: Էս ի՞նչ ժանդարմական մեթոդներ են:
-Պարո՛ն Անդրանիկյան, ինչպիսի՞ն են Ձեր ստեղծագործական պլանները:
-Անցյալ տարի նկարիչների միության սրահում մեկ ամիս ցուցադրվեցին իմ գեղանկարչական աշխատանքները: Դե՜, աշխատում ենք, ցուցադրվում ենք, հույսեր ենք փայփայում, բայց շատ հաճախ այդ հույսերն ապարդյուն են: Մեկ ամիս տևած ցուցահանդեսի ընթացքում ոչ մի նկար չգնվեց: Մարդիկ գինը լսում, վախեցած հեռանում էին: Բայց ես չեմ կարող իմ գործերը կոպեկներով վաճառել: Այսպիսի վիճակ է: Վերջին շրջանում սկսել եմ գրել հիշողություններս՝ ծնվածս օրվանից մինչ այսօր: Ես շատ ուշագրավ, բուռն կյանք եմ ունեցել, որը, կարծում եմ, կհետաքրքրի մարդկանց: Իհարկե, նաև նկարում եմ: Տարվել եմ տիեզերքով, տիեզերական թեմաներով, նկարում եմ գալակտիկաներ՝ խաղաղ և պայթյունի վիճակներում: Եվ իմ պատկերած վիճակներն իրական են: Ես ուսումնասիրում եմ համապատասխան գիտական գրականություն և նկարում ըստ այդմ: Այդ թեմաներով արված նկարներս մտադիր եմ ներկայացնել իմ 85-ամյակին նվիրված ցուցահանդեսում՝ չորս տարի հետո:
Հարցազրույցը վարեց Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 4935

Մեկնաբանություններ